Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում 34 կապալառու կազմակերպություններ կատարում են շուրջօրյա հերթապահություն

Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում 34 կապալառու կազմակերպություններ կատարում են շուրջօրյա հերթապահություն
09.12.2020 | 17:02

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին 34 կապալառու կազմակերպությունների կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ Վերջիններս մինչ ձմեռային սեզոնի մեկնարկն իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով և ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։ -7С°-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը‚ և աղ-ավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ Այս պարագայում օգտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկին։

Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն անհնար է որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։

Բքի պայմաններում ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրումն ու աղով-ավազով մշակումը։

Նշենք‚ որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 շուրջօրյա գործող հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքին (https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին (https://www.facebook.com/armroad.am)։

Դիտվել է՝ 3283

Մեկնաբանություններ